ԵԱՏՄ համար 2018-19 թվականները կարող են թռիչքաձև զարգացման տարիներ լինել. Սաֆարյան
Եվրասիական փորձագիտական ակումբը դեռ սեպտեմբերին հայտարարել էր, որ տարին կարող ենք փակել 4 տոկոս տնտեսական աճով և այսօր մոտ ենք այդ ցուցանիշին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով անցնող տարին, հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:
«Անցնող տարին լավն էր Եվրասիական տնտեսական միության համար, ինչի մասին խոսում են նաև անդամ երկրների ղեկավարները և մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ համար 2018-19 թվականները կարող են թռիչքաձև զարգացման տարիներ լինել»,- հայտարարեց նա:
Հիշեցնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի օրերս տված հարցազրույցում հնչած այն հայտարարությունը, որ 2017 թվականին հնարավոր եղավ կասեցնել անկումը, նա նշեց, որ դա թույլ է տալիս հայտարարել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ի աճ կլինի: Եվ իր համար միանգամայն սպասելի է նաև առաջիկա տարիներին 7 տոկոս տնտեսական աճը, որի մասին հայտարարել էր ՀՀ նախագահը.
Արամ Սաֆարյանը կարևորում է պետական մարմինների համակարգված ու ճիշտ աշխատանքը, որը կարող է ապահովել անհրաժեշտ զարգացում, առավել ևս, որ լավ նախադրյալներ դրա համար կան, այդ թվում նաև՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ:
«Անչափ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել պատրաստի ապրտադրանքի սպառման, արտահանման ծավալների մեծացման գործընթացը, զարգացնել վերամշակող արտադրանքի արտադրությունը և սննդի արդյունաբերությաունը, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Այս ոլորտները իսկապես կարող են ներդրումների հոսքեր ապահովել դեպի Հայաստան»,- ընդգծեց Սաֆարյանը:
Ոչ պակաս կարևոր է նաև ներքաղաքական կայունությունը, ինչն առաջին հերթին նպաստում է ներդրումային առողջ մթնոլորտին ու ներդրողների վստահությանը երկրի նկատմամբ: Հայաստանը, բանախոսի խոսքով, տնտեսական վերելքի ճանապարհին է և ժամանակն է, որպեսզի երկիրը կոմպետենտ տնտեսական բանավեճեր վարի ու դրանք ծառայեցնի տնտեսական զարգացմանը: Այս պահի դրությամբ օտարերկրյա, այդ թվում նաև ռուսական ներդրումների ծավալները այնքան էլ մեծ չեն, բայց դրանց ծավալները կախված են Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունից.
«Սխալ է, երբ տարեկան Հայաստանից մեկ միլիարդ դոլար ենք փախցնում ու ներդնում օֆշորային գոտիներում, բայց սպասում ենք մի քանի հարյուր միլիոնի ներդրումներ ՌԴ-ից, 160 մլն էլ՝ ԵՄ-ից: Մեր գործարարները պետք է այս հարցի պատասխանը կարողանան տալ: Բայց ես ինքս հույս ունեմ, որ 2017 թվականին ներդրումների մասին տված խոստումները մեր ռուսաստանցի գործընկերները կկատարեն հաջորդ տարի: Քաղաքական էլիտաները դեռ ասելիք ունեն»,- հավելեց Սաֆարյանը: