Աճի ռեկորդային ցուցանիշներ. ՀՀ-ում գինու արտադրությունն աճել է 37.7%, կոնյակինը՝ 51,1%
Հայաստանում 2017 թ-ի հունվար-հոկտեմբերին՝ 10 ամիսների ընթավքում, ըստ պաշտոնական վիճակագրության, աճի ռեկորդային ցուցանիշներ են գրանցել գինու ու կոնյակի արտադրությունները: Աճել է նաեւ գարեջրի, սակայն կրճատվել օղու ու վիսկիի արտադրությունը:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 24 մլն 850.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 51,1%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2016թ.-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 16 մլն 445.3 հազար լիտր կոնյակ:
Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 37.7%-ով ավելի գինի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այսպես, այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 6 890.8 հազար լիտր գինի` 2016-ի նույն ժամանակահատվածի 5 005.2 հազար լիտրի փոխարեն:
Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրվել է 4 մլն 626.9 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ նվազել է 25.5%-ով:
Նշենք, որ 2016թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 6 մլն 211.5 հազար լիտր օղի:
Այս տարվա 10 ամիսներին 21.2%-ով նվազել է նաև վիսկու արտադրությունը՝ կազմելով 907.5 հազար լիտր: Միաժամանակ, ըստ վիճակագրության, այս տարվա հունվար-հոկտեմբերին 9.4%-ով աճել է գարեջրի արտադրություն՝ կազմելով 18 մլն 539 հազար լիտր, 11.4%- ով շամպայն գինիների արտադրությունը՝ կազմելով 429.4 հազար լիտր: