15.07.2025
Ի՞նչ հարցեր են քննարկել Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին
21.12.2016
Ի՞նչ հարցեր են քննարկել Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին

ՀՀ և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները: Այս մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը: Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին: Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը: Նախագահները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը: Կողմերը կարևորեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդումային գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը: Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման: Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը: Երկու երկրների Նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը: Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ: Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա: Նշենք, որ Հասան Ռոհանին հրավիրեց Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր: