19.01.2026
Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
14.11.2017
Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես: