ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք հրամանատարներ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հրամանով ՊՆ բեռնատարի վթարի և դրա արդյունքում զինծառայողների մահվան դեպքով պայմանավորված աշխատանքից ազատվել և խիստ նկատողություն են ստացել մի շարք պատասխանատու հրամանատարներ:
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարի հրամանով զինվորական Ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն:
Պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացում են ստացել
ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.-ն:
Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.-ն:
Նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։
Նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում չորս զինվոր էր մահացել: Կային նաև վիրավորներ: