29.11.2024
Մամուլ. ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ ակումբի մենեջերը` ԱԺ ՔՊ պատգամավորի թեկնածու
prev Նախորդ նորություն

Պաշտոնակռիվ ՀԱՊԿ-ում. Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաեւից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:


«Արմենպրեսի» փոխանցմամբ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հարցին՝ ինչպե՞ս է կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանել է. - «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է: Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։


Ըստ Փաշինյանի՝ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:


«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ», - ընդգծել է Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ այսօր Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել. - «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»:


Հարցին՝ որևէ պարագայում հնարավո՞ր է Բելառուսի թեկնածուի հարցում հայկական կողմը կոնսենսուսի գա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. - «Մենք գործընկերային մթնոլորտում և միջավայրում ենք աշխատում, մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք և պահանջում ենք, որ նույն կերպ վարվեն նաև նրանք»:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրները այդպես էլ նոր գլխավոր քարտուղարի հարցում ընդհանուր հայտարարի չեկան և որոշեցին քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում։