29.11.2024
Դա առնվազն պարկեշտ չէ. Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ականներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ ակումբի մենեջերը` ԱԺ ՔՊ պատգամավորի թեկնածու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր: Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր տասովշիկի կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար: Թե ինչը դուր չի գալիս իր ներկա աշխատանքում Մովսիսյանին, որ նա որոշել է այն փոխել պատգամավորի աշխատանքով, դժվար է հասկանալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ, Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչեւ վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» թեկնածուների՝ Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ Հրաչ Հակոբյանի համար։ Ի դեպ, Նահապետյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ավելի ճիշտ՝ վերցնում էր խոսափողը, բայց չէր խոսում։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն այս ընտրատարածքում Արարատ Մկրտչյանն է, որի հայրը, ըստ տեղեկությունների, հին ՀՀԿ-ական է»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսի «արտահոսքը» սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, եւ «ՔՊ»-ում որոշել են վերանայել այն։ Կարգախոսի հեղինակը «ՔՊ» վարչության անդամ Ալեն Սիմոնյանն է, սակայն «Իմ քայլ»-ում գրեթե բոլորը, ի տարբերություն ակտիվ հանրության, հիացած են այդ կարգախոսով ու չեն կարծում, թե դա նսեմացնում է թեկնածուների դերն ու հաստատում քննադատությունները, որ «ՔՊ» թեկնածուներն առանց Նիկոլի զրո են։ Հիշեցնենք, որ արտահոսքը Հրաչ Հակոբյանի միջոցով էր եղել։ Բայց մինչ Ֆեյսբուքը քննարկում էր կարգախոսը, «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ դեռ ոչինչ որոշված չէ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է կուսակցության նախընտրական քարոզարշավին եւ լինելու է հանրապետության տարբեր քաղաքներում: Սակայն ի տարբերություն նախորդ քարոզարշավների՝ այս անգամ հանդիպումները լինելու են ոչ թե հրապարակներում, այլ դահլիճներում: Ծառուկյանը բավական ադեկվատ է գնահատում իրավիճակը՝ հասկանալով, որ հրապարակներ լցնել այլեւս չի հաջողվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Մանուկյանը պետք է առաջադրվեր Կոտայքի մարզում, սակայն անհասկանալի պատճառներով նրա անունը հանվել է ցուցակից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: Թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս գործով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երկրորդ նախագահի կալանավորման հարցի քննության ժամանակ զարմանալի զուգադիպությամբ արդեն երկրորդ անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ լեզվի դասընթացների նպատակով երկու ամիս արձակուրդ է վերցրել եւ մեկնել Լոնդոն: Ու հիմա Քոչարյանի գործի քննությունը քրեական վերաքննիչ դատարանի դատավորներից մեկին մակագրելու գործընթացը պետք է իրականացնի Մխիթար Պապոյանը: Թե ում կմակագրվի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց հաստատ դա չի լինի Քոչարյանին ազատ արձակած Ազարյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը ժողովրդագրական առումով բավական զիջում է հարեւան Ադրբեջանին: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից պարզեց, որ ՀՀ բնակչությունը վերջին տարիներին նվազել է. եթե 2015թ. մոտ 3 մլն մարդ էր Հայաստանում, ապա 2017թ. այդ թիվը հասել է 2.9 մլնի: Ինչ վերաբերում է հարեւան Ադրբեջանին, ապա նրանց բնակչությունը 2015թ. 9.7 մլն-ից դարձել է 9.9 մլն: Փոխարենը Հայաստանն առաջ է անցել ծնելիության թվով, ու սա այն դեպքում որ ՀՀ-ում ծնելիությունը գնալով նվազում է: ՀՀ-ն առաջ է անցել նաեւ ՀՆԱ աճի ցուցանիշներով. 2017թ. ՀՆԱ աճը եղել է 7.5 տոկոս, Ադրբեջանում՝ 0.1 տոկոս: Հայաստանում աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալները` 2017թ. 12.5 տոկոս, իսկ Ադրբեջանում, ընդհակառակը, անկում է` 3.4 տոկոսի չափով: Ադրբեջանում նաեւ մեծ է եղել գնաճը՝ 12.9 տոկոս, մինչդեռ ՀՀ-ում՝ 1 տոկոս ընդամենը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության արդյունքները կազդե՞ն ընտրությունների վրա։ «Ոչ մի կերպ․ Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք ինտենսիվ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրությունն է մշակվում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դեպքերի համար շարունակականության ապահովում լինի, այն է՝ քարտուղարությունը ստանձնած երկիրն ավարտի իր ժամկետը»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։ Հիշեցնենք, որ, ի տարբերություն մնացյալ նախարարների, նա իր 100 օրվա ամփոփմամբ հանդես չեկավ, հիմա որոշել է «երկուսը մեկում» անել։ Թեմայի շրջանակներում՝ եւս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա եւ նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրեւ թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, եւ, առհասարակ՝ քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»։