29.11.2024
Միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է ՀՀ-ում սպասվող ընտրություններին. ՄԱԿ
prev Նախորդ նորություն

Դա առնվազն պարկեշտ չէ. Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ականներին

Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց. «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը բացակա էր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

Տոնոյանի խոսքով՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իր գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Բայց իրեն զարմացնում է այն պահվածքը, որ դրսևորեցին ՀՀԿ-ականները իրենց համար այդքան կարևոր նախագծի քվեարկության ժամանակ.


«Սա ոչ այլ ինչ էր, քան ՀՀԿ-ի կողմից հերթական նախընտրական էժանագին շոու կազմակերպելու փորձ և ուրիշների վրա ցեխ շպրտելու հաշվին դիվիդենտներ կորզելու անհաջող ցանկություն: Եթե խոհրդարանական ամբիոնից նրանք միմյանց հերթ չտալով բարձրաձայնում էին, որ օրենքով պետք է երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ապա ինչո՞ւ էր նրանց խմբակցության կեսը բացակա իրենց իսկ բնորոշմամբ այդ խիստ կարևոր քվեարկությունից: Եթե նրանք նման բուռն և անհաղթահարելի ցանկություն ունեին այս օրինագծին կողմ քվեարկել, ապա գոնե կարող էին իրենց աշխատասենյակներից իրենց սեփական պատգամավորներին դահլիճ բերման ենթարկել, որպեսզի նրանք կողմ քվեարկեին»,- նշեց նա:


Պատգամավորը նաև նկատեց, որ իրենք շատ հիմնավոր ներկայացրել են, որ այդ նախագծով կոնկրետ անձի կարգավիճակի վերաբերյալ հարց է լուծվում, այլ ոչ թե ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքների.


«Նախագիծը թերի էր, այդ իսկ պատճառով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներով մենք աշխատում ենք կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիությունը երաշխավորող նախագծի վրա և առաջիկա օրերին նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ արտահերթ նիստ անցկացնելու և այն քննարկման դնելու համար: Կրկնում եմ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Հայ առաքելական եկեղեցու դավանանքին ու հավատքին մեր հավատարմությունը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր եկեղեցաշեն գործունեությամբ դրանում կասկածելու գեթ փոքր տեղ իսկ չի թողել: Եվ այսօր բոլորը տեսան, որ քննարկվող այդ նախագծին նախորդող օրինագծին, որը վերաբերվում էր Հայ առաքելական եկեղեցուն, «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին»,- ասաց նա՝ խորհուրդ տալով ՀՀԿ-ի իր գործընկերներին  նման էժանագին նախընտրական շոուներ կազմակերպելու հարցում զերծ մնալ Հայ առաքելական եկեղեցին և մեր քրիստոնեական հավատքը օգտագործելուց ու դիվիդենտներ հավաքելու փորձերից.


«Կարծում եմ, դա առնվազն պարկեշտ չէ»,- հավելեց Իվետա Տոնոյանը: