Միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է ՀՀ-ում սպասվող ընտրություններին. ՄԱԿ
Երեւանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությանը, հույս ունի, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը: Սա իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն:
Նրա խոսքով, Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն «թավշյա հեղափոխությունն առաջ մղող հավասարության եւ ազատության ամրապնդմանը»։
Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան, ընդգծել է նա։ «Շատ կարեւոր է, որ իշխանությունները առավել ամրապնդեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառական հասարակության կառուցումը։ Սա կնպաստի տնտեսական զարգացմանը, ինչի կարիքն երկիրն ունի»,- ասել է Կլեման Նյալեցոսի Վուլեն` ամփոփելով իր 10-օրյա այցը Հայաստան։
Նա նկատել է, որ «անցումային շրջանից ի վեր Հայաստանում խաղաղ հավաքների սահմանափակում տեղի չի ունեցել»։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի խոսքով, դեռեւս հարցականի տակ է դատական համակարգի թափանցիկությունը։ «ՀՀ քաղաքացիների շրջանում մտահոգություններ են հնչում, որ մինչ օրս կոնկրետ արդյունքներ չկան մի քանի տարվա վաղեմության գործերի վերաբերյալ»,- նշել է նա։