Սպառողները «Գազպրոմ Արմենիային» 13 մլրդ 400 մլն դրամ քիչ կվճարեն սպառած գազի դիմաց
Գազի սակագնի նվազման արդյունքում սպառողները շուրջ 13 մլրդ 400 մլն դրամ քիչ կվճարեն սպառած գազի դիմաց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Հիշեցնենք, այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագների շուրջ: Համաձայն դրա՝ գազի գինը կնվազի 2017 թվականի հունվարի 1-ից:
Տնօրենը պարզաբանել է, որ այդ թիվը այն հասույթն է, որ կստանար ընկերությունը, եթե սակագինը չփոխվեր: Բայց ընկերությունը, նրա հավաստմամբ, միշտ կողմ է եղել էժան սակագնին, պարզապես միայն հիմա հնարավորություն ստեղծվեց իջեցման, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքով գազի տարանցման գնի նվազման հեռանկարի հետ: Ըստ Թադևոսյանի՝ բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց ակնկալում են, որ կլինեն ուշագրավ թվեր:
Հարցին՝ եթե չլիներ նոր կառավարության ու վարչապետի հանձնարարականը, գազի սակագնի որոշումը չէ՞ր վերանայվի, տնօրենն ասել է, որ չի ուզում նսեմացնել կառավարության նախաձեռնությունը, բայց պետք է կրկնի.
«Մենք երկար ժամանակ զբաղվում էինք Վրաստանով գազի տարանցման հարցերով, որը կազմում է 10 տոկոս. սրա դեմ միշտ պայքարել ենք: Համընկավ՝ հունվարի 11-ին ավարտվում է պայմանագիրը, սա շատ լավ է։ Միանշանակ, կառավարությունը նախաձեռնել է, բայց սա մեր` ժողովրդի ընդհանուր շահերից է գալիս, մենք հաջողակ ենք այն ժամանակ, երբ բոլորս նույն կերպ ենք մտածում»,- հավելել է ընկերության տնօրենը: