Եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում չհաջողվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ համաձայնության գալ, մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Այս մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով:
Նա անդրադարձավ նաեւ բելառուսական կողմի պատասխան հայտարարությանը, որտեղ ՀՀ-ին խորհուրդ էր տրվել “փողոցային ժողովրդավարության կանոններով չմտնել մեծ քաղաքականություն”:
“Ինչ վերաբերում է բելառուսական կողմի հայտարարությանը, ապա դրան եղել է համարժեք արձագանք: Սակայն այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որեւէ արձագանք չեմ ստացել: Սակայն իմ ասածներն ուժի մեջ են, եւ ես պատրաստվում են պարզաբանումներ պահանջել Բելառուսի նախագահից”, - ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով Լուկաշենկոյի հայտնի զրույցն Ադրբեջանի դեսպանի հետ, որտեղ նա պատմել էր ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալված քննարկումների մասին:
Նա եւս մեկ անգամ պնդեց, որ ապագայում էլ հստակ պաշտպանելու են Հայաստանի շահերը: Փաշինյանը նաեւ անդրադարձավ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրին՝ նշելով, որ այդ մատակարարումները Երեւանը դատապարտում է: Մենք կարծում ենք, նման մատակարարումները մեր շահերի եւ կայունության շահերին դեմ է:
Մենք շարունակելու ենք աշխատել՝ հստակեցնելու համար ՀԱՊԿ-ում մեր փոխադարձ հարաբերություններն ու պարտականությունները ճշտելու համար: “Մենք պետք է ասյպես նոր շունչ տանք ՀԱՊԿ-ին: Հայաստանը, ի տարբերույթուն այլ պետությունների, կատարում է իր բոլոր պարտավորույթւոնները ՀԱՊԿ-ի եւ դաշնակիցների նկատմամբ”, - նշեց նա՝ հավելելով, որ այս հարցի ֆոնին գլխավոր քարտուղարի խնդիրը երկրորդական է:
"Մենք պետք է հասկանանք, որքանով է մեր անվտանգությունն ապահովում մի կառույց, որին մենք անդամակցում ենք եւ այն ռազմաքաղաքական դաշինք է: Սա Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերի լայն շրջանակի է վերաբերում: Այս հարցերը պետք է հստակեցվեն եւ պարզ դառնան", - նշեց նա:
Վերջում նա, հիշեցնելով վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում խիստ կառուցողական գնահատեց Ռուսաստանի պաշտոնական դրքորոշումը: