29.11.2024
Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը
prev Նախորդ նորություն

Բելառուսի հետ այլեւս չեն լինի նախկինի նման հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլավոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին եւ Մինսկի հետ դիվանագիտական լեզվակռվին, հայտարարել է, որ Բելառուսի հետ այլեւս չեն լինի նախկինի նման հարաբերություններ:


«Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու», - նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բելառուսի հետ հարաբերությունների մասին։


«Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ–շատերը ուզում են, փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, ես պարզ ասում եմ, որ չի անցնելու դա, որովհետեւ մենք գուցե փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, որովհետեւ մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք»,–նշեց նա։


Փաշինյանը հիշեց՝ Մարշալ Բաղրամյանը Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարություն է ունեցել։ Վարչապետի պաշտոնակատարը, ապա հավելեց. «Մենք ապրիլ–մայիս ամիսներին արել ենք մի բան, որը մարդկության պատմության մեջ նախադեպ չունի»։


Նա հավաստիացրեց՝ այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն. «Բայց այս հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու մեր կառավարությունը ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը եւ սրա հետ պետք է բոլոր հաշվի նստեն եւ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»։


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել էր այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Նա նշել էր, որ Լուկաշենկոյից պարզաբանումներ է պահանջելու այս հայտարարության վերաբերյալ:


Բելառուսի ԱԳՆ–ն մեկնաբանել էր Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ: «Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ով իրավասու է պատժել կամ ներում շնորհել», – նշվում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։