«Գազպրոմ Արմենիա»-ի ու ՊԵԿ-ի միջեւ սկսել է հակամարտություն: Ռուսական գազային գիգանտ Գազպրոմի դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի համաձայն չէ ՊԵԿ-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, համաձայն որոնց ընկերությունը խուսափել է մի քանի միլիարդ դրամի չափով հարկային պարտավորություններից: Այս առիթով էլ հարուցվել է քրեական գործ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը, հատում մամուլի ասուլիսի էր հրավիրել՝ պատասխանելու համար խոսելով ՊԵԿ-ի կողմից երեկ տարածված հաղորդագրությանը: Թեպետ նախօրեին «Գազպրոմ Արմենիա»-ն հաղորդագրություն էր տարածել եւ հերքել ՊԵԿ-ի պնդումները, սակայն այսօր Հրանտ Թադևոսյանը որոշել էր անձամբ նշել, որ իր ղեկավարած ընկերությունն աշխատում է հարկային օրենսդրությանը համապատասխան: Նա իր խոսքում մի քանի անգամ կարծես հատուկ նշում էր, որ ընկերությունը խոշոր հարկատու է եւ ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդել իրենց վրա, նեգատիվ արձագանք կունենա նաեւ ողջ տնտեսության ու ներդրումային միջավայրի համար:
«Մենք խոշոր հարկատու են, մշտապես իրենց գործունեությունը ծավալել են հարկային օրենսդրությանը համապատասխան, ինչի արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր», - ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ մեղադրանքը անհիմն է: «Ձմռանը կորուստներն ավելի բարձր են, քան՝ ամռանը: Դա ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլև՝ մյուս տարիներին: Եթե ուսումնասիրել են 2016, 2017, 2018թթ., ապա տեսել են, որ այդ տարիներին ևս ձմռան ամիսներին կորուտսներն ավելի շատ են եղել: Այդպես եղել է ու լինելու է: Կան մի շարք պատճառներ կան: Հայաստանում 14 հազար արդյունաբերական ու կոմունալ սպառողների հաշվիչները համալրված են էլեկտրոնային ճշտիչներով: Նրանք գազը և՛ ձմռանը, և՛ ամռանը չափում են իրական ցուցիչներով», - ասաց նա:
«Եթե փորձում են նյութ գցեն, չե՞ն կարծում, որ պետք է լինի երկկողմանի, գային, քննարկեինք, հասկանայինք: Տեքստում գրված է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը հունիս-հուլիս ամիսներին հունվար-մայիսի նկատմամբ 3 անգամից ավելի նվազել է: Պարզվել է, որ ԱԳԼՃԿ-ին մատակարարված բնական գազի ծավալները ավելացել են շեշտակի: Չի կարելի համեմատել հունվարն ու ամառը, այո՛, աճը եղել է: Եթե 46 միլիոն խորանարդ մետր գազի աճը ԱԳԼՃԿ-ում կապում են 46 միլիոն գազի ստեղծման հե՞տ… Ո՞նց կարող է 1.2 կորուստը դառնա 46 միլիոն ավելցուկ»,- հարց հնչեցրեց նա:
«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը շեշտեց, որ իրենք տարեկան 40 միլիարդ դրամի վճարներ են կատարում։ «Բարի համբավն արատավորելու միտում կա: Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ այս հիմքերով: Ռուսական մամուլում էլ եղան լուրեր, մենք բանակցում էինք ռուսական բանկերից մեկի հետ և ստացանք ահազանք՝ անհանգստություն բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները և գործարքը դրվում է կասկածի տակ: Առաջին հարկատուն, խոշոր ներդրողն այսպիսի վիճակում է հայտնվել, ինչպե՞ս պետք է շարունակենք աշխատանքը ներդրողի հետ: Եզրակացությունները թողնում եմ բոլորիդ»,- մանրամասնեց Հրանտ Թադևոսյանը:
Վերջինս նշեց, որ ժամանակին բաշխման համակարգում 30 տոկոս կորուստ է եղել, բայց հիմա լավագույններից մեկն են աշխարհում բաշխման համակարգի առումով: «Բոլորը գալիս են, մեզանից սովորում են՝ ոնց աշխատեն: Չկան հիմքեր, գազ չի կորել, ո՞նց կարելի է գազի կորուստի հետ կապել: Գոյություն չունեն չվճարված հարկեր: Հիմա ձեր հարևանը սկսել է լավ ապրել, ձեզ գալիս ասում են՝ ինչո՞ւ է սկսել լավ ապրել, դուք ի՞նչ կապ ունեք»,- ասաց նա:
Իր հերթին պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո պարզաբանել է «Գազպրոմ Հայաստան» ընկերության հանդեպ իրավապահ մարմինների հետաքրքրվածության պատճառները:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը հայտնեց, որ հերթական ստուգումների ժամանակ տվյալներ են հայտնաբերվել, որոնք կրկնակի ստուգման պատճառ են դարձել: Քննիչի որոշմամբ՝ քրեական գործ է հարուցվել: Դավիթ Անանյանը հրաժարվեց հայտնել, թե ինչ չափի գումարի հնարավոր խախտումների մասին է խոսքը՝ հղում կատարելով տեղեկության եւ նախնական տվյալների գաղտնիության բնույթին: Ուստի, առայժմ չի կարելի խոսել սակագների վրա խախտումների ազդեցության մասին:
«Բայց քրեական գործը դեռեւս «դատավճիռ» չէ: Գործի շրջանակում պետք է գործողություններ կատարվեն, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական ստուգման շրջանակում: Սա մի քանի անհայտով հավասարում է. անհրաժեշտ է պարզել՝ ընդհանրապես եղել են արդյո՞ք կորուստներ, այդ կորուստներն ի՞նչ բնույթի են»,- հայտարարեց Անանյանը՝ ընդունելով, որ կորուստներն, այնուամենայնիվ, կարող էին ազդել գնագոյացման վրա: