28.11.2024
Նախարարը Նիկոլ Փաշինյանի քթի տակ բացահայտ չարաշահում է վարչական ռեսուրսը (լուսանկար)
prev Նախորդ նորություն

Արցախն ու Հայաստանը դե-յուրե ամրագրում են ռազմական դաշինքը

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ»,- նշել է Բալասանյանը:

Արցախ-ՀՀ ռազմաքաղաքական տանդեմը տարածաշրջանում պետք է բալանսավորի Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողությունները Հարավային Կովկասում:

Այս փաստաթուղթն ամրագրում է այն ստատուս-քվոն, որը ձևավորվել էր վերջին տարիների ընթացքում: ՀՀ-ն իր ռազմական, տնտեսական, ֆինանսական, լոգիստիկ և այլ կարողություններով աջակցում է Արցախին ու ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը: Փաստաթուղթը դե-ֆակտո ստեղծված իրավիճակին կտա դե-յուրե բնույթ:

Արցախի դեմ Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում ՀՀ-ն հենվելով առկա փաստաթղթի ու պայմանագրային բազայի վրա, բոլոր ռեսուրսներով կապահովի Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը:

Փաստորեն, Երևանն ու Ստեփանակերտն իրենց հարաբերությունները սկսում են կառուցել հայտնի բանաձևի վրա` «մեկ ազգ` երկու պետություն»:

ՀՀ-ի նոր Ռազմական և Ազգային անվտանգության դոկտրիններում հավանաբար տեղ կգտնի նոր կետ` արցախահայության անվտանգության երաշխավորի և փոխադարձ ռազմական օգնության մասին: Այստեղ պետք է հասկանալ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հնարավոր արձագանքն այս փաստաթղթին: Ադրբեջանի արձագանքը հասկանալի է, որ լինելու է շատ բացասական: Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին, ապա ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և հայկական զինված ուժերի Արցախում պատերազմի ներգրավվածության դեպքում ՀԱՊԿ-ի անդամ-երկրներն հավանաբար չեզոք դիրքորոշում կորդեգրեն այս հարցում:

ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, ՀՀ-ի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները հսկում են ռուսաստանցի սահմանապահները:

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում տեղի հայությանն օգնության է հասնելու միայն ՀՀ-ն ու նրա զինված ուժերը, քանի որ իրավական տեսանկյունից Արցախը չճանաչված պետություն է և ՀԱՊԿ-ի, որի անդամ է նաև ՌԴ-ն, պաշտպանական լիազորությունները չեն տարածվում Արցախի վրա:

Այսինքն, Բաքվի կողմից Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիայի դեպքում, ինչպիսին տեղի ունեցավ 2016թ.-ի ապրիլին, Ստեփանակերտին օգնության է հասնելու միայն ՀՀ-ն ու հայ ժողովուրդը աշխարհի տարբեր անկյուններից, իսկ ՌԴ-ն կապահովի ՀՀ-ի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն այն պարագայում, եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: