Նախարարը Նիկոլ Փաշինյանի քթի տակ բացահայտ չարաշահում է վարչական ռեսուրսը (լուսանկար)
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում պետք է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը:
Ցանկությունը, իհարկե, ողջունելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ երկար տարիներ Փաշինյանը պայքարել է հենց այդ երևույթի դեմ: Բայց պարզվում է, որ իր ղեկավարած կառավարությունում ոչ բոլորն են դա գիտակցում կամ ենթարկվում նոր Հայաստանի նոր կանոններին:
Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցների շրջանում տարածվել է ահա այս հարցաթերթիկը, որը ոչ այլ ինչ է, քան վարչական ռեսուրսի կիրառում: Հարցաթերթիկում հարց է տրվում աշխատակիցներին՝ ի?նչ աջակցություն են նրանք պատրաստվում ցուցաբերել նախարար Հակոբ Արշակյանին, ով, ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում:
Աջակցության տարբերակներն էլ բերվում են: Օրինակ՝ ֆինանսական աջակցություն և այս դեպքում նշված է գումարի չափը, որը պատրաստ է տվյալ անձը նվիրվաբերել իր նախարարի խորհրդարանական ապագայի համար: Ֆինանսական աջակցության չափը մեկնարկում է 7000 դրամից, վերջին տարբերակում նշված է 71000: Իսկ եթե անձը ցանկանում է ավելի շոշափելի աջակցություն հայտնել, ապա առաջարկվում է «գալըչկա» դնել «другое»-ի դիմաց:
Բացի այդ, նախարարության աշխատակիցները կարող են նաև այլ աջակցություն ցուցաբերել, ասենք՝ բակերում ու տներում քարոզչություն իրականացնել, PR անել մամուլում կամ Facebook ու այլ սոցիալական ցանցերում: Մի խոսքով, տարբերակները շատ են և բոլորը միտված են նրան, որ իրենց սիրելի նախարարը անպայման նախարարության աշխատակիցների աջակցությամբ ստանա բաղձալի պատգամավորի մանդատը:
VERELQ-ը հրապարակում է այդ փաստաթուղթը… մարդ ես, գուցե նախարարության աշխատակազմից դուրս մարդիկ գտնվեն, որ կաջակցեն երիտասարդ նախարարին և այդ դեպքում արդեն մեղադրանքը, թե սա վարչական ռեսուրսի օգտագործման փայլուն օրինակ է փոքր-ինչ կմեղմվի «վերևների» մոտ արդարանալիս: