Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին ընտրություններ. Փաշինյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը և ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընրությունները անցկացնել: Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել. ասել ոչ թե երրորդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները պետք է լինի, այլ պետք է անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Եվ առաջնահերթ, նշեց նա, պետք է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը: Խոսքը նախկինից հայտնի ավանդույթների մասին է, երբ այս օրերին, օրինակ, հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական գործընթացների մեջ.
«Պետք է բացառել դա: Այս ընտրություններում արմատախիլ պետք է արվի այն երևույթը, երբ վարչական լծակները օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար: Նախկինում եղել է «ասողների ինստուտներ», ովքեր ասում էին, թե ում օգտին պետք է քվեարկել, բայց այդ երևույթը իսպառ պետք է բացառել: Ընտրողի կամարտահայտելու մեխանիզմը պետք է հստակեցվի, ընտրողը պետք է հետևի քարոզչությանը, քաղաքական բովանդակության մասնակից դառնա և որոշում կայացնի, իսկ ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվեի արդյունքում», - շեշտեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ուղիղ կամ անուղղակի ընտրակաշառքի պրակտիկային, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ մարմինները պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլ նաև կանխելու այդ երևույթը: Նաև խոստացավ՝ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովվի քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը:
«Պետք է անցկացնենք իսկապես բարձր մակարդակի ընտրություններ: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպիսի ընտրություններն էլ կանցկացնենք»,- հավելեց նա: