28.11.2024
Միլիոնավոր դրամների հափշտակություններ. կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Ավելի խճճվեց. նախարարն անձամբ է հրապարակել իրեն աջակցելու մասին փաստաթուղթը FB-ում

VERELQ-ն այսօր հրապարակել էր մի փաստաթուղթ, որով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը դիմել էր նախարարության աշխատակիցներին ու համախոհներին հնարավորինս սահմաններում աջակցել իրեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Արշակյանը, հիշեցնենք, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու է:

Հրապարակման մեջ նշել էինք, որ սա վարչական ռեսուրսի օգտագործման փայլուն օրինակ է, մինչդեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր էլ գործադիրի նիստում հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում պետք է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը:

Բնականաբար, VERELQ-ի հետ կապ հաստատեցին նաև նախարարությունից՝ նշելով, որ մեր հրապարակած հարցաթերթիկը որևէ գաղտնի բան իրենից չի ներկայացնում և նախարարը դեռ երեկ անձամբ այն հրապարակել է Facebook-ի իր էջում:

«Հարցաթերթիկ ասվածը հրապարակվել է նախարարի ՖԲ էջում, որով նա դիմում է իր կողմնակիցներին ու աջակիցներին: Դա որևէ գաղտնի փաստաթուղթ չէ»,- փոխանցեց մեզ նախարարության ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ աջակցության այդ փաստաթուղթը միայն նախարարության աշխատակիցներին չէ, որ ուղղված է, այլ բոլորին:

Մեր կողմից նախարարության ներկայացուցչին ասացինք, որ փաստաթուղթը հրապարակելը ոչ թե հետապնդում էր այն նպատակը գաղտնազերծել առհասարակ նման փաստաթղթի գոյությունը, այլ ի ցույց դնել այն, որ նախարար Հակոբ Արշակյանը վարչական ռեսուրս է օգտագործում: Իսկ եթե նա այն հրապարակել է իր Fabebook-յան էջում, ապա դա նման փաստաթուղթը էլ ավելի ուշագրավ է դարձնում, քանի որ ստացվում է, որ նախարարը չի էլ խորշում այդ փաստը հրապարակել: Ստացվում է, որ վարչական ռեսուրսի կիրառումը նրա կողմից ընկալվում է իբրև նորմալ երևույթ:

«Ի վերջո, ընդունո՞ւմ եք, որ սա վարչական ռեսուրսի կիրառման դասական օրինակ է»,- հարցրեցինք մեզ զրուցակցին:

Բայց, թերևս, այս հարցը անձամբ ուղղենք նախարար Հակոբ Արշակյանին:


Փաստենք, որ սա ուշագրավ պարզաբանում է նախարարության կողմից, որն ավելի շատ է բարդացնում նախարարի իրավիճակը, քան եթե այդ հանձնարարականը արվեն ներքին կարգով ու միայն նախարարության աշխատակիցների շրջանում: 


Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցաթերթիկում հարց է տրվում աշխատակիցներին՝ ի՞նչ աջակցություն են նրանք պատրաստվում ցուցաբերել նախարար Հակոբ Արշակյանին, գուցե ֆինանսական և գրված է անգամ ֆինանսական աջակցության չափը՝ 7 հազար, 14 հազար կամ նույնիսկ 71 հազար և ավելի, և այլն: