Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:
Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ:
Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով:
Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաև հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին: Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև կարևորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը:
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար: