Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան /Մարտունի-Ակնա/ և հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը` CBД և Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններից: Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /3 արկ/: Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: