28.11.2024
Միհրան Պողոսյանի՝ օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործը վերաբացվել է․ ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից․ ANCA-ի տնօրենը հարցադրումները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում վերջերս հնչած այն տեսակետի մասին, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին պետք է «նախապատրաստել խաղաղության»:


Նա նկատել է, որ հանրությունը ճշգրիտ գնահատական տալու համար գործընթացի թափանցիկության կարիք ունի: Ըստ գործչի՝ առանց թափանցիկության այդպիսի կոչերը նման են հետևյալին՝ դու կարող ես ինձ վստահել, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանաս:


«Հակամարտության կարգավորման ներկայի փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝


-արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքներն» ընթացիկ բանակցությունների համար հիմք են,


-ո՞րն է քննարկվող համաձայնագրի ուրվագիծը,


-ի՞նչ դերակատարում է ունենալու Արցախն այս գործընթացում,


-արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից,


-գործարքի ո՞ր տարրերն են առաջնային և որո՞նք երկրորդ պլան մղված,


-ո՞րն է երկրորդ պլան մղված հանձնառությունների իրականացման տեսլականը,


-ի՞նչ երաշիքներ կարող են առաջարկվել ագրեսիայի չվերսկսման համար,


-որո՞նք են խաղաղապահների վերաբերյալ իրական սպասումները,


-հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:


Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, արդյո՞ք Ադրբեջանն ազնիվ կգտնվի ու կկատարի Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Կամ արդյո՞ք Ադրբեջանն այդ զիջումը որպես թուլության նշան կընկալի ու տարածքային նոր հավակնություններ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց նրանց, չի հայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-գրել է Համբարյանը:


Նա խորհուրդ է տվել լավատես լինելով հանդերձ՝ հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:


«Այժմ անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-եզրափակել է Համբարյանը: