28.11.2024
Արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից․ ANCA-ի տնօրենը հարցադրումները
prev Նախորդ նորություն

Մամուլ. 1մլրդ ոստիկանությանը. ավանսով պարգևատրումը` հանգիստ տարվա գրավական Փաշինյանի համար

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա այնքան էլ տրամաբանված որոշում չէ, քանի որ ոստիկանության աշխատակիցները անցած տարվա ընթացքում ոչնչով աչքի չեն ընկել, բայց չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է ոստիկանության աշխատակիցներին պարգեւատրել ավանսով, որովհետեւ այս տարի նրա իշխանությանը ոստիկանական աջակցությունը շատ է պետք գալու»:


«Փաստ» թերթը գրում է. «Թվում էր՝ անցյալ տարվա իշխանափոխությունից հետո գոնե խոսքի ու տեսակետի ազատության առումով առաջընթաց կարձանագրվի, եւ նոր իշխանությունները չեն բռնանա մարդկանց կարծիքների վրա: Սակայն, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, կառավարության աշխատակազմը ամենայն մանրամասնությամբ վերահսկում է իր աշխատակիցների ֆեսբուքյան կյանքը՝ ընդհուպ նրանց «լայքերն» ու «շեյրերը»՝ ով ինչ գրեց, ում գրածի տակ մեկնաբանություն թողեց, ում գրածը հավանեց, ովքեր հավանեցին նրա գրածը եւ այլն: Առավել «ուշադրության» են արժանանում հատկապես այն աշխատակիցները, որոնք, այսպես կոչված, համարվում են նախորդ իշխանություններին «սպասարկողներ», նախորդ իշխանությունների ժամանակներից «մնացուկներ» կամ ուղղակի նախորդ «ռեժիմի ստրուկներ»: Մեր աղբյուրները պնդում են, որ աշխատակազմում կա հստակ հաստիքով ֆիքսված աշխատակից, ով ստանձնել է այդ դերն ու վերահսկում է այս ամենը: Եթե որեւէ մեկի ֆեյսբուքյան «կյանքում» անցանկալի երեւույթներ են նշմարվում, տվյալ անձին նախ հորդորում են ուղղակի չակտիվանալ այդ հարթակում կամ սեփական տեսակետը չհայտնել, իսկ հետո արդեն հասկանալի է՝ կիրառվում են համապատասխան քայլերը: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի թիմը «խոշորացույցով» «շրջում է» Ֆեյսբուքում, հատկապես պետական ծառայողների էջերում, եւ փորձում կանխել անցանկալի որեւէ շարժ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում եւ մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առեւտրի շուկա: Բենզին եւ դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ, վառելիքի շուկայի խաղացողներն ուզում են Սուքիասյանին հասկացնել, որ այս ոլորտում եկամուտներն այնքան էլ մեծ չեն, եւ ներդրումները չեն կարող բերել սպասված արդյունքի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները վերջերս բավական սառն են: Սա, պարզվում է, ունի իր նախապատմությունը: Թերթի տեղեկություններով` ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, երբ կառավարությունն ԸՕ փոփոխությունների նախագիծ էր պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերելու համար Վենետիկ էր մեկնել հայկական պատվիրակությունը: Իսկ դրա կազմում եղել էին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ, այժմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲԴԽ նախագահ, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը: Թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանն իշխանություններին խոստացել էր Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերել, սակայն չէր հաջողվել. Վենետիկի հանձնաժողովի գնահատականն առավել քան չեզոք էր ստացվել: Թերթի աղբյուրների պնդմամբ` հենց այդ հանգամանքն էլ պատճառ էր դարձել, որ կտրուկ սառեն Փաշինյանի ու Հարությունյանի հարաբերությունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Եվրոպական Միությունը պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։ «Ըստ ամենայնի` ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետեւ կոմպետենցիայի պակաս ունեն, եւ ջուրը կլցվի ողջ աշխատանքը` բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց կառավարության մեր աղբյուրը: Իսկ գուցե իշխանությունը մտածվա՞ծ է դանդաղեցնում այդ ընթացքը, որովհետեւ շատ հարցերի հետ կապված` անհանգստություններ ունեն Ռուսաստանից։ «Չեմ բացառում, դա էլ կա, այնուհանդերձ, կարծում եմ` կառավարությունը վերջնական համաձայնություն հաստատ կտա, եւ խորհուրդը կգործի։ Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարությանը կից նույնպես համանման փորձագետների խումբ էր գործում, բայց ո՛չ այսքան ներկայացուցչական․ նրանք նախապատրաստում էին ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ չստորագրվեց, թողեցին-գնացին։ Այս խորհրդի պլանկան շատ բարձր է»,- ասաց մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու եւ խոչընդոտելու իր արտահանձնումը: Մինչ այդ թերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում: Ասում են՝ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, եւ նրա հետ այլ անձ է եղել: Ու երբ նրա հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երեւան, հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի ոստիկաններին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի հռչակավոր մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին։ Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով՝ նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ։ Օրինակ՝ Սիսավանի երիտասարդ տնօրեն Նարինե Գալստյանի աշխատանքային ժամկետն ավարտվել է, սակայն, ըստ տեղեկությունների, Գարիկ Սարգսյանը զգուշացրել է՝ հանկարծ մտքով չանցնի նորից մրցույթին մասնակցել, քանի որ Գալստյանն Ավշարի Գրիգորյանների մտերիմն է։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Արարատի թիվ 1 դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթի ժամանակ է խոչընդոտներ ստեղծել, որ կառավարությունը նշանակի իր հովանավորյալին։ Դպրոցի խորհրդի անդամներից երկուսն արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին, թեկնածուները եղել են երեքը` Նելլի Ղազարյան, Հայկ Խանոյան եւ Վահրամ Մանուկյան․ վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է: Հունվարի 18-ին էլ մարզպետի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը, որին 2 նկատողություն է տվել ու, այսպես ասած՝ «օրինական» ձեւով ազատել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենսդրական փոփոխությունների միջոցով փակել բոլոր այն շառլատանների ճանապարհը, ովքեր հսկայական գումարներ են աշխատում միամիտ վարկառուների հաշվին: ԼՀԿ խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը այլեւս հնարավորություն չի տալու անհատներին զբաղվելու միջնորդությամբ, եթե չունեն համապատասխան պայմանագիր բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ: Որոշ խարդախներ օգտվելով մարդկանց անտեղյակությունից՝ միջնորդությունների վրա հսկայական գումար էին աշխատում, իբրեւ թե օգնելով մարդկանց բանկերից եւ վարկային կազմակերպություններից գումար ստանալ: ԼՀԿ խմբակցությունը որոշել է փակել նման շառլատանների կողմից ազատ գործելու հնարավորությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրինք` քանի՞ տարեկան եք։ «26»,- անմեղ ժպիտով ասաց նա: Այսքան ջահել, այսքան մատղաշ` ի՞նչ եք անում պառլամենտում։ «Ես հիմա ո՞նց էդքանը ներկայացնեմ իմ մասին. հաշվի առնելով հանգամանքը, որ «Իմ քայլը» դաշինքը հայտարարել է, որ պետք է ունենանք պրոֆեսիոնալ ԱԺ, եւ չնայած իմ երիտասարդ տարիքին, ես 5 տարվա իրավաբանի փորձառություն ունեմ, որից 3 տարին՝ որպես փաստաբան, երեւի թե դրա համար»: Իսկ հայտնի «քաստինգի» ժամանակ ՔՊ վարչության «վոժդերը» Ձեզ ի՞նչ հարցրին։ «Քննարկվել են քաղաքական արդիական թեմաներ»: ԵԱՏՄ-ից հարցեր տվեցի՞ն։ «ԵԱՏՄ-ն մեր համագործակցության ֆորմատներից մեկն է, ցանկացած համագործակցության ֆորմատ պետք է կարողանաս բովանդակությամբ լցնել, ինչը նաեւ մենք հանձն ենք առել։ Որպես ֆորմատ՝ դեմ չեմ, հարցը բովանդակությունն է` որոշակի շտկումների անհրաժեշտություն կա»: Քայլե՞լ եք Նիկոլի հետ, ո՞ր կետից։ «Հայաստանի Ֆրանսիական հրապարակից, երբ պարոն վարչապետը Գյումրիից թիմի հետ եկավ, այդ ժամանակվանից մինչեւ շարժման ավարտ»: Չալոյին տեսե՞լ եք: «Չեմ հիշում. Չալոն ոնց որ ընթացքում էր քայլում, հետո ոնց որ ինչ-որ բան տեղի ունեցավ, նա անհետացավ»: Մի ուրացեք ձեր «եղբորը»։ «Շունը միացել էր շարժմանը Գյումրիից, հետագայում մի պահ բեմում է եղել, տեսել ենք իրեն, հետո չկար»: Ձեր անկեղծությունը զինաթափում է․ չե՞ք ասի՝ ո՞վ է եղել Ձեր երաշխավորը ՔՊ-ում։ «Նման ցուցակի մասին ինձ հայտնի չէ»: Իսկ «Անասնաֆերման» կարդացե՞լ եք։ «Չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապվեց Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարեւոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետեւանք են: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծեց, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ֆորմատը։ «Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,- հայտարարեց Բաբայանը։ Նա նաեւ հավելեց, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող»: