Հայաստանն ու Լեհաստանը կմշակեն տնտեսական համագործակցության նոր օրակարգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը` ընդգծելով առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ հաղորդել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը և Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաև բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ երկրների կողմից CEPA-ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:
Մատեուշ Մորավեցկին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը և բարեփոխումներին օժանդակելու գործում: Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով: