28.11.2024
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ
prev Նախորդ նորություն

Իրանը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին. դեսպան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:


Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:


Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետեւողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը եւս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը:


Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը:


Իր հերթին Սեյեդ Քազեմ Սաջադին, արժեւորելով միջազգային հարթակներում Իրանի եւ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին:


Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարեւորել մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանումը եւ ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաեւ Մեղրիի եւ Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:


Դեսպանն Արարատ Միրզոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը: