ՄԱԿ քարտուղարությունը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակը: ԱՊԱ-ի փոխանցմամբ, նա նշել է, որ քարտուղարությունում ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները և լիովին սատարում են Բաքվին և Երևանին ուղղված հորդորները՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունները: «Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելուն միտված բոլոր ջանքերը և հորդորում ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցությունները, որոնք կտանեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Խակը