Նախօրեին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ նախաձեռնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկում: Այս լուրը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց՝ հանրության մի մասը կողմ է, մյուս մասը դեմ նման առաջարկին: Այսօր Մշակույթի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ գերատեսչությունը բացասական եզրակացություն է տվել նման առաջարկին. ««Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»,- ասված է պարզաբանման մեջ: