Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23.05.2019
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։
Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել մարդու թրաֆիքինգի, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, նյութական օգուտ խոստանալու միջոցով, շահագործման նպատակով հավաքագրելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և հարկադրանքի այլ ձևերով շահագործման վիճակի մեջ դնելու հատկանիշներով։