15.10.2026
Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ

Լուսանկարը` azatutyun.am
Լուսանկարը` azatutyun.am

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերակա շահ։ Գործադիրի այս քայլը նպատակ ունի պետականացնել երկրի էներգաբաշխիչ գլխավոր ցանցը՝ այն հետագայում միջազգային առաջատար ընկերության կառավարմանը հանձնելու ակնկալիքով։


Որոշման համար հիմք է ծառայել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեռևս 2025 թվականի նոյեմբերին կայացրած վճիռը, որով դադարեցվել էր ընկերության՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ Ինչպես պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պրոցեսը սպասված էր և տրամաբանական, իսկ կառավարության առաջնային թիրախում ընկերության արդյունավետության բարձրացումն է, ոչ թե նոր մասնավորեցումը։ «Մեր պլանն է, որ ընկերությունը դառնում է պետական սեփականություն, և մենք այն կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ընթացակարգին զուգահեռ իրավապահները կարող են ուսումնասիրել նաև նախկինում ՀԷՑ-ի մասնավորեցման օրինականության հարցը։


Նախագծի համաձայն՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի ճնշող մեծամասնությունը (շուրջ 70 տոկոս) պատկանում է «Տաշիր կապիտալ»-ին, որի ձայնի իրավունքն այս պահին սառեցված է, իսկ մնացած 30 տոկոսը՝ կիպրոսյան «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ առաջիկա երկու ամսում կիրականացվի ընկերության գույքի և ակտիվների ամբողջական գնահատում՝ ռիսկերի, ինչպես նաև հաշվեկշռում չարտացոլված պարտավորությունների բացահայտմամբ։ Վարչապետն էլ հավելել է, որ գնահատման ժամանակ շրջանառությունից պետք է հանվեն վարկային պարտավորությունները, որպեսզի հստակեցվի իրական արժեքը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով էլ՝ պաշտոնական առաջարկից հետո սեփականատերերը կարող են կամ ընդունել պետության գինը, կամ ներկայացնել սեփական գնահատականը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կառավարությունը նախկինում ընկերության համար 380 հազար դոլար էր առաջարկել գործարար Սամվել Կարապետյանին, ինչը, սակայն, մերժվել էր։ Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականի աշնանը։


 

Լուսանկարը` armradio.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` armtmm.com
15.10.2026
Խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև 2031-ը. Փաշինյանը նշել է գլխավոր նպատակը