Երևանն ընդլայնում է ռազմական կապերը. Կանադայում Հաայստանի կցորդ կնշանակվի
Լուսանկարը` emergobyul.com
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է կարևոր քայլ կատարել Կանադայի հետ երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման ուղղությամբ։ 2027 թվականի սկզբից Օտտավայում ՀՀ դեսպանությանը կից կսկսի գործել ռազմական կցորդ, ում առաքելությունն ուղղված կլինի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Պաշտպանության նախարարության կողմից մշակված համապատասխան որոշման նախագիծն արդեն ներառվել է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում։ Ըստ փաստաթղթի՝ նոր պաշտոնը գործելու է համատեղման հիմունքներով. Կանադայում Երևանի ռազմական շահերը կներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ գործող ռազմական կցորդը։
Ինչպես նշված է պաշտպանական գերատեսչության նախագծում. «Պաշտոնական պարտականությունների կատարմանը նախատեսվում է անցնել 2027 թվականի հունվարի 1-ից՝ Կանադայի արտաքին գործերի նախարարությանը ծանուցելու և հավատարմագրման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո»։
Դիվանագիտական ներկայացվածության մեծացումն իրենից ենթադրում է հստակ գործնական խնդիրներ: Ռազմական ներկայացուցչի գլխավոր գործառույթներն են լինելու նախարարությունների միջև ուղիղ կապերի հաստատումը, համագործակցության ծրագրերի մշտադիտարկումը և պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպումը:
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ կցորդը պարտավոր է «ապահովել հայկական կողմի լիարժեք ներկայացվածությունը միջազգային զորավարժություններին, զորահանդեսներին և ռազմատեխնիկական ցուցահանդեսներին»: Նոր պաշտոնի պահպանման ֆինանսական ապահովումը 2027 թվականից կիրականացվի Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջետային միջոցների հաշվին: