Հայաստանի կառավարությունը հայտարարել է հանրային տարածքներն ապօրինի կոմերցիոն կառույցներից մաքրելու լայնամասշտաբ արշավի մեկնարկի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է անզիջում պայքար մղել ինքնակամ շինությունների դեմ ողջ հանրապետությունում՝ բացառություն անելով միայն տասնամյակներ առաջ կառուցված բնակելի տների համար։
Հոկտեմբերի 15-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ գործադիրի ղեկավարն անդրադարձել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում կրպակների ապամոնտաժման աղմկահարույց գործընթացին: Նա շեշտել է, որ մայթերն ու հանրային զբոսայգիները բոլոր քաղաքացիների սեփականությունն են, և պետությունն այլևս չի հանդուրժելու դրանց ինքնակամ զավթումը:
«Հիմա հրապարակային ասում եմ՝ բոլոր այն տեղերում, որտեղ կա նման խնդիր, մենք գնալու ենք և քանդելու ենք։ Թող մարդիկ էս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին»,- զգուշացրել է վարչապետը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խնդրի իրավական կողմին։ Ըստ Փաշինյանի՝ Հողային օրենսգիրքը բացառում է հանրային օգտագործման տարածքներում որևէ օրինական շինարարության հնարավորությունը։ Իսկ եթե նման օբյեկտների սեփականատերերի ձեռքին հայտնվել են վկայականներ, ապա դրանց ծագմամբ պետք է զբաղվեն իրավապահները՝ քրեական գործերի շրջանակներում պարզելու համար, թե ով և ինչ պայմաններում է տրամադրել այդ փաստաթղթերը։ «Երևանը պետք է վերադարձվի երևանցիներին»,- արձանագրել է կառավարության ղեկավարը։
Իշխանությունները վճռական են տրամադրված՝ վերջ դնելու ապօրինի գույքը պահպանելու և ժառանգաբար փոխանցելու արատավոր պրակտիկային։
Հերքելով անարդար կամ ընտրովի մոտեցման ցուցաբերման մասին մեղադրանքները՝ Փաշինյանը հայտարարել է. «Մարդիկ ի՞նչ են մտածում, որ ապօրինի ձեռք բերված գույքերն այդպես պահելու են ու սերնդեսերո՞ւնդ փոխանցեն։ Չի՛ լինելու նման բան, անկախ նրանից՝ դա մեծ է, թե փոքր։ Եվ ովքեր ասում են, թե անարդար ենք վարվում, էլի եմ ասում՝ թող ցույց տան գոնե մի դեպք, երբ մենք նույն կերպ չենք վարվել»:
Միևնույն ժամանակ, մայթերին կառուցված շինությունների նկատմամբ որդեգրված զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը չի տարածվի այն քաղաքացիների վրա, ովքեր տասնամյակներ շարունակ բնակվում են ինքնակամ կառուցված առանձնատներում։
Դեռևս խորհրդային տարիներին կառուցված բնակարանների համար կառավարությունը մշակում է առանձին օրենք՝ դրանք օրինականացնելու և այս սոցիալական խնդիրը վերջնականապես փակելու նպատակով։ Սակայն մայթերին տեղադրված կրպակները և դրանց տեղում վեր խոյացած կապիտալ շինություններն անխտիր քանդվելու են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի բոլոր բնակավայրերում։