25.11.2024
Ի՞նչ է կատարվում «Բագրատաշենի» անցակետում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ՀՀ-ին տրամադրվող աջակցությունն ավելացրել է 25 մլն եվրոյով. հանդիպում գործադիրում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարը քննարկելու համար:


Փոխվարչապետը ներկայացրել է հյուրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման ամփոփման ընթացքը և անդրադարձել է իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:


Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրած բարեփոխումներին՝ համարելով դրանք առաջնային երկրի զարգացման տեսանկյունից:


Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով:


Ավելացված ռեսուրսները աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին:


Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու և դրան մասնակից լինելու համար: