25.11.2024
Մամուլ. Ղարաբաղի գեներալիտետն ու հայ օլիգարխիան երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
prev Նախորդ նորություն

Հուսով ենք՝ մտահոգությունը լսելի է․ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ անդամի դեմ ուժի կիրառման բացառման մասին

Բիշքեկում մայիսի 22-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսքը սկսել է՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ պատմական հիշողության պահպանումը հանդիսանում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևոր գործիքներից մեկը, և Հայաստանի համար անընդունելի են պատմության վերաշարադրման փորձերը, մեր հերոսական անցյալի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զարգացումների ու արդյունքների կամայական մեկնաբանությունները:


Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը:


«Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը»,- շեշտել է նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:


Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է Հայաստանի համալիր անվտանգության ապահովման համար:


Նախարար Մնացականյանը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը:


Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետութունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ այն համագործակցության միջավայրի վրա:


«Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետութան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»: