15.01.2025
Ահազանգ Էջմիածնից. եզակի մասունք Սուրբ Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի
06.07.2018
Ահազանգ Էջմիածնից. եզակի մասունք Սուրբ Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի

Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ է: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:  Ինչպես հաղորդում է tert.am-ը, վերջերս Էջմիածին քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Կորյուն աբեղա Առաքելյանն ասաց, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են: Ցուցարարներն այսօր ևս նման պնդումներ արեցին և ասացին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հրաժարական տա: Դիվանատան շենքում են նաև ոստիկանության ծառայողները, իսկ ցուցարարները չեն լքում շենքը: Նրանք հոգևորականներից պահանջեցին, որ իրենց ցույց տան Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: Ցուցարարները նույն հարցն ուղղեցին այլ հոգևորականների՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սուրբ Գեղարդից մեկ կտոր պակասում է: Հոգևորականները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն: Այժմ էլ ցուցարարները հրավիրում են իրավապահների ուշադրությունը, նշելով, որ պետք է պարզվի, թե արդյոք նվիրվե՞լ է, թե՞ վաճառվել: Ցուցարարները հայտնեցին, որ հոգևորականներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, ականատեսներ էլ կան: Հոգևորականների հորդորներին, որ ցածր խոսեն, ցուցարարները գոռացին. «Գարեգին, հեռացիր»: Նշենք, որ աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են: Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։