«Լուսավոր Հայաստանը» խցանվել է անցյալում. Լենա Նազարյան
«Լուսավոր Հայաստանը» խցանվել է անցյալում, և դա ցավով եմ նշում: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ քննադատելով ԼՀԿ գործընկերներին:
«Ցավով եմ նշում, որ «Լուսավոր Հայաստանը» խցանվել է անցյալում, անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում՝ իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով, վախերով: Ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա այնպիսի դերով եք ներկայանում, ինչպես մենք ավանդաբար ստիպված էինք լինել նախորդ իշխանության ժամանակ և դա, մեղմ ասած, լավ օրից չէր», – ասել է ելույթում Նազարյանը:
Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստանը» պետք է ելք գտնի անցյալից, հրաժարվի անցյալի չափանիշներից, քանի որ անցյալի տեսակի ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է մեկընդմիշտ՝ այլևս չկա նախորդ իշխանությունը.
«Մեկ տարի անց հետ եք շարժվում, մարդիկ անցյալում թողեցին ոչ միայն նախկին իշխանությունը, այլ նաև նախկին բոլոր ընդդիմությունները: Ոչ միշտ է ճիշտ լինել դասական, այն մեկ անգամ արդեն խանգարել է ձեզ, խանգարում է նաև այս շրջանում: Նոր գործելաոճով միայն ընդդիմությունը կարող է ներդրում ունենալ քաղաքական մշակույթի զարգացման գործում և բարձրացնել իր կշիռը»,- դիմելով Էդմոն Մարուքյանին ասաց նա: