Նախարարություններ կրճատելը գումար տնտեսելու համար չէ. Փաշինյանը պարզաբանում է
Նախարարությունների թվի կրճատման իմաստն ու նպատակը ամենևին էլ գումար խնայելը չէ, այլ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումն է: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին մենք խոստում ենք տվել, որ կազմը պետք փոխվի, և նախարարությունների թիվը կկրճատվի: Իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում, գործադիրում մի քանի քննարկումներ արդեն ունեցել ենք և դեռ էլի կլինեն: Իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Մենք կլսենք բոլոր տեսակետները, կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- հայտարարեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե Հայաստանին Սփյուռքի նախարարություն պետք չէ.«Թյուր կարծիք կա, թե ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Հակառակը՝ խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է: Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի, և այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք սփյուռքի ներկայացուցիչների հետ ու կհասնենք կոնսենսուսի»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաև հավաստիացրեց, որ կգնան հետևողական, հաստատուն և մտածված քայլերով, իսկ արձանագրած լուծումները կապացուցեն իրենց կենսունակությունը ու կգոհացնեն այն մարդկանց, ովքեր մտահոգված են պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով:
Հիշեցնենք, դեկտեմբերին հրապարակվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:
Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝
1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն2. առողջապահության նախարարություն3. արդարադատության նախարարություն4. արտակարգ իրավիճակների նախարարություն5. արտաքին գործերի նախարարություն6. բնապահպանության նախարարություն7. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն8. պաշտպանության նախարարություն9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն12. ֆինանսների նախարարություն: