Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Նախագծով «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կկրճատվի՝ 3 տարուց դառնալով 2 տարի: Բացի այս, նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը: Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր: