ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում՝ քաղաքացիների համար բաց հատվածում, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղին: Այս նպատակով Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերվել են կեչու տնկիներ: Ծառատունկին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիվանագետներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։ Իսկ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ խիստ հուզված է և ուրախ մասնակցելու հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտոնյաները համատեղ ուժերով կեչի տնկեցին, այնուհետ ջրեցին այն։