23.11.2024
Շոյգուն ու Լավորվը մնացին. հրապարակվել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը
prev Նախորդ նորություն

Քաղաքապետարանի «կամազ գեյթը» չի ուսումնասիրվելու. ԱԺ-ում տապալվեց քվեարկությունը

Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում թեժ քննարկում ծավալվեց Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ:


Իշխող «Իմ քայլը» տապալեց քվեարկությունը: Կառավարող ուժի խմբակցությունը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և դուրս է ԱԺ-ի լիազորություններից՝ գործընթացը համարելով «շոու»: Նման հայտարարություն արեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որի կոշտ արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբացկության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Մարուքյանի խոսքերին արձագանքեցին ԱԺ նախագահ Արարատ Մկիրզոյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:


Բարեբախտաբար Հայաստանում աբսոլյուտ իշխանությամբ որեւէ սահմանադրական մարմին օժտված չէ, այդ թվում նաեւ խորհրդարանը, ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հայտարարությանը, թե «Իմ քայլը» վախեցավ ուսումնասիրել Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը եւ տապալեց այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը:


«Մեզնից յուրաքանչյուրը՝ եւ գործադիրը, եւ օրենսդիրը, եւ ՏԻՄ-ը պետք է գործեն բացառապես այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բարեբախտաբար կամ ցավոք սրտի, մեր համոզմամբ Ազգային ժողովը այդ լիազորությունը այս հարցում չունի»,-ընդգծեց նա:


«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց. «Հարգելի պարոն Մարուքյան, ես ուղղակի կոչ եմ անում ձեզ մի քիչ կոռեկտ արտահայտվել, եւ եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանը, կարող եք գնալ եւ նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք:


Ինչ վերաբերում է ձեր մտքերին, որ սա խայտառակություն է, ապա ամեն ինչ շատ պարզ է: Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողով»,-ասաց Ռուբինյանը:


Այդ ընթացքում Մարուքյանը սկսեց տեղից արձագանքել, նրա խոսքը, սակայն չէր լսվում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր դիտողություն անել. «Պարոն ռուբինյանը ուշադիր լսում էր ձեզ: Պարոն Մարուքյան ձեր արածը հենց հիմա կոռեկտ չէր: Պարոն Մարուքյան ձեզ նախազգուշացում է հայտարարվում»:


Հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբացկությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ կառավարող ուժը խոչընդոտում է քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրմանն ու բացահայտմանը, որոնց մասին հանրությունը տեղեկացավ մայրաքաղաքին «կամազաների նվիրատվության» աղմկահարույց լուրից:


Նիստում ծավալվեց թեժ բանավեճ նաև այլ պատգամավորների մասնակցությամբ, հնչեցին ոչ կոռեկտ հայտարարություններ: