24.11.2024
Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԲՀԿ-ին կպատժե՞ն. «Իմ քայլում» որոշել են չբավարարվել «մանր-մունր» սանկցիաներով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներ կրառելով, ինչպիսին պատգամավորների մուտքը դահլիճ ժամանակավոր արգելելն է: Մեզ ասացին, որ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որ քննեն ԲՀԿ-ական ըմբոստ պատգա,ավորների վարքագիծը եւ «պատժեն»: Նշենք, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ Լիլիթ Մակունցը, եւ երեկվա միջադեպը, փաստորեն, արագացրեց հանձնաժողովի ստեղծման պահանջը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարեվերջին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց «Հայրենիք» անունով հիմնադրամ ստեղծելու մասին, որի միջոցով պետք է ֆինանսավորվեին իր քաղաքական աջակիցները: Այս ընթացքում Վանեցյանը բազմաթիվ մարդկանց է ընդունել, և շատերի մոտ հույս էր արթնացել, որ իրենք էլ կկարողանան օգտվել այդ հիմնադրամից, մանավանդ Վանեցյանը խոստացել էր, որ հունվարից հիմնադրամը ակտիվ աշխատելու է և դրամաշնորհներ է տրամադրելու ինչպես ՀԿ-ներին, այնպես էլ լրատվամիջոցներին: Հիմնադրամը նույնիսկ գրասենյակ էր վարձակալել Պռոշյան փողոցում: Չնայած արդեն հունվարի վերջն է, սակայն հիմնադրամը չի գործում, և հայտնի էլ չի ընդհանրապես կգործի՞, թե՞ ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները: Մի առիթով նա կնոջն ասել է․ «Ինձ անպետք մարդ եմ զգում», անգամ ակնարկել է, որ ապրել չի ուզում: Վերջին անգամ հունվարի 6-ին է տան մեջ կրակել: Պատմեցին, որ կինը, կանխազգալով ամուսնու մտադրությունը, չկրակած փամփուշտները հավաքել պահել է, սակայն նրան հաջողվել է ինչ-որ տեղից նորից փամփուշտ ճարել: Ամեն դեպքում, նրան ճանաչողները տարակուսած են, թե ինչը կարող էր դրդել կայուն բնավորությամբ մարդուն՝ նման քայլի գնալու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում եւ հայրական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն առաջին ատյանը մերժել էր։ Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաեւ Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։ Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, եւ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Թովմասյանի զանգերը եւ համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։ Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբեւէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեկտեմբերի 7-ին հարցազրույց էինք արել ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ․ «Միայն մանկամիտը կարող էր մտածել, որ նախագահը Սերգոյին նման հանձնարարություն կտար»։ Խոսքը Սերժ Սարգսյանի դեմ դիզվառելիքի հետ կապված քրգործի մասին է։ Հարցազրույցից հետո Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ, որտեղ նա կասկած է հայտնել նախաքննության օրինականության հետ կապված։ Երկու օր իրար ետեւից նրան հրավիրել են եւ ժամերով պահել ՀՔԾ-ում՝ պահանջելով բացատրել, թե ինչու է հարցազրույց տվել՝ «ի՞նչ եք նկատի ունեցել, երբ ասել եք․․․»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետն իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակային չպատճառաբանելով՝ ինչու: Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում ներքին խարդավանքներ հյուսելուց: Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ինչով է զբաղվում վարչապետի նախկին խոսնակը: Տեղեկություններ կան, որ նա լծվել է նոր լրատվական կայքի ստեղծման գործին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջինս անգամ թիմ է հավաքում, տարբեր լրագրողների առաջարկներ է արել իր կայքում աշխատելու համար: Ի՞նչ կայք է լինելու, ի՞նչ ուղղվածություն է ունենալու, փորձեցինք պարզել հենց Վլադիմիր Կարապետյանից, սակայն նա մի քանի օր է արդեն՝ մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրությունների չի արձագանքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի։ Գիտեք` «Ա1+»-ը դիմել է դատարան` իրեն լիցենզիայից ապօրինի զրկելու հարցով, հասկանալի է, չէ՞, իրենք հաղթելու են դատարանում, կապուղի տալու հարց է առաջանալու՝ թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը», կփորձեն պատճառներ գտնել` դրանցից մեկին եթերից զրկելու համար, չնայած Փաշինյանի ասածը, թե 2 հեռուստաընկերությունների լոգոյի վրա պետք է գրել «կոռուպցիա TV», վերաբերում էր Թավադյանին պատկանող TV 5-ին եւ Մայրապետյանին պատկանող Հ2-ին»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Կարծում եք` կհաջողվի՞։ «Այո. ստոպ չի լինելու։ Անհրաժեշտության դեպքում քրեական գործեր են հարուցվելու` հիմնականում ֆինանսական խախտումների եւ ներդրողների մասով, ընդ որում` հարցը լուծվելու է խիստ քաղաքակիրթ` օրենսդրորեն․ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»: Իսկ ճի՞շտ է, որ Վլադիմիր Կարապետյանը «գնալուց» առաջ` դեկտեմբերի վերջին, լրատվամիջոցների ցանկ է կազմել, թե մամլո խոսնակներն ում հարցերին պետք է պատասխանեն, ում ցրեն։ «Խոսնակներից շատերը պարտաճանաչ աշխատել են, չեմ կարծում, որ նրանք ֆորսմաժորի մեջ են, այնուհանդերձ, լուրջ աշխատանք տարվելու է` պարզելու տարբեր լրատվամիջոցների կապերն իշխանական «աղբյուրների» հետ` արտահոսքերի մասով։ Ամեն ինչ արվելու է նրանց ջրի երես հանելու համար։ Արտահոսքի համար բոլորս ամեն օր խստիվ զգուշացվում ենք»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում. չի բացառվում, որ ՀՀ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի։ Նիկոլ Փաշինյանը քանիցս դժգոհել է դեսպանների աշխատանքից՝ ակնարկելով, թե նրանցից ոմանք զբաղված են «սաբոտաժով» և գրեթե ոչ մի խնդիր չեն կարգավորում։ Դժգոհությունների համար լուրջ առիթ են հանդիսացել նաև ներդրումային գործընթացներին դեսպանների պասիվ մասնակցությունը։ Տարեվերջին ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետն ակնարկել է, որ դեսպանների հետկանչի հարցը կառավարության «խոշորացույցի» տակ է, ուստի պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը հեղափոխության կարևորությունը համապատասխան «բացվածությամբ» ներկայացնելու համար։ Թերթի՝ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում Փաշինյանը նաև նոր դիվանագիտական կոչումներ կշնորհի. այստեղ էլ հանրությանը սպասվում են լուրջ անակնկալներ։ Մասնավորապես, թերթին տեղեկություն է հասել, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն այս ֆոնին զուգահեռ՝ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել եւ արդեն մեղադրանք է առաջադրել վերջինիս որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին, որ նրան մեղադրանք են առաջադրել: Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, եւ հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում: Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաեւ «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով»:


«Փաստ» թերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին: Նշենք, որ այս համաժողովը շատ կարեւոր է կրթության հիմնահարցերի քննարկման առումով, այս ֆորումին մասնակցելու ավանդույթը դրվել է դեռեւս 2013-ին։ Հավելենք նաեւ, որ Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող՝ աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Իրականում թվում է, թե այս ֆորումին մասնակցելու հետ կապված ոչ մի զարմանալի ու տարօրինակ իրադարձություն չկա, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»։ Խնդիրն այն է, որ եթե շատ հագեցած ծրագիր չէ, եւ առանձնահատուկ գերկարեւոր հարցեր չեն բարձրաձայնվելու, անկախ ոլորտից, նախարարը եւ փոխնախարարը միասին չեն մասնակցում որեւէ ֆորումի։ Հետեւելով հաղորդագրություններին՝ պարզ է դառնում, որ հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակներում առանձնապես ծանր ծրագիր չունի։ Տվյալ դեպքում, եթե ֆորումում անպայման մեր երկիրը պիտի ներկայանար նախարարի մակարդակով, ու նախարար Հարությունյանն էլ ժամանակ է գտել եւ մեկնել է համաժողովին, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի մեկնումն անհասկանալի է կամ, այլ կերպ ասած, փոխնախարարի այցը Լոնդոն պարզապես ստացվում է հերթական «վոյաժ» պետբյուջեի հաշվին։ Կառավարման փորձագետների համոզմամբ, բացառիկ դեպքերում է պատահում, որ միեւնույն միջոցառմանը գործուղման են մեկնում եւ՛ նախարարը, եւ՛ փոխնախարարը։ Գործուղման առումով այս պարագայում գործ ունենք այդ բացառիկ դեպքերից մեկի հետ, սակայն հազիվ թե կրթական այդ ֆորումը, որքան էլ այն կարեւոր լինի, կարելի է դասել նման բացառիկ միջոցառումների շարքին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով: Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հաստատել էին մեր տեղեկությունները՝ մեկ հերքումով, որ դա կապված չէ գազի գնի բարձրացման հետ: «2019թ. ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից», – հայտնել էին «Գազպրոմից»: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից երեկ հետաքրքրվեց՝ հետեւում են արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվող իրադարձություններին եւ ինչպես են արդարացնում 600 աշխատակցի կրճատումն ու դրա դիմաց գազի սակագնի պահպանումը: Փոխվարչապետն ասաց, որ երկու հարցերն իրար հետ կապելը դիլետանտություն է՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ մինչեւ ապրիլի 1-ը ընկերության կողմից սակագնի բարձրացման հայտ չի ներկայացվի: Անդրադառնալով սպասվող կրճատումներին՝ փոխվարչապետը նշեց. «Այնտեղ կատարվող իրադարձություններին դետալիզացված հնարավոր կլինի հետեւել, երբ հայտ ներկայացնի ընկերությունն, ու ուսումնասիրություն սկսվի: Այդ ժամանակ կներկայացվեն աշխատավարձի հետ կապված հարցերը, թվաքանակը եւ այլ հարցեր: Սակայն, եթե ընկերությունը հայտ չներկայացնի, ապա կառավարությունն այդտեղ խառնվելու իրավասություն չունի, քանի որ դա ընկերության ներքին հարցերն են»: Ամեն դեպքում, արձանագրենք՝ «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են սպասվում, որը, թերեւս, բողոքի նոր ալիք կբարձրացնի»:


«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես երեւում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում: «Փաստ» թերթի տեղեկություններով, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության: Եվ ահա, պարզվում է, որ դա մասնավորաբար ազդել է «Բարի Սամարացի» ընկերության գործունեության վրա. ընկերության հայտարարության համաձայն, տեղական արտադրության մսի քանակի նվազման հետեւանքով ընկերության մսամթերքի որոշ տեսակներ հնարավոր է առժամանակ չարտադրվեն կամ արտադրվեն սահմանափակ քանակությամբ։ Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ խնդրի կարգավորման ու մսի արտադրության ծավալների վերականգնման հետ իրենք վերստին կվերականգնեն ամբողջ տեսականին ու քանակությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության պատճառով խանութներում օղին կրկնակի թանկացել է։ Թանկացման սպասում կա նաեւ մսի շուկայում։ Սպանդանոցների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գյուղերում մորթը կրճատվել է։ «Գումի շուկայի» մսավաճառների շարքում տավարի միս արդեն մոտ 3 օր է՝ չեն բերում։ Նրանք, ովքեր տանն էին մորթը կազմակերպում, սպանդանոցներ դեռ չեն դիմել, իսկ խանութպանները խուսափում են առանց թղթի միս վերցնել։ «Եթե սպանդանոցի թուղթը չունենանք, մեզ անմիջապես 300 հազար տուգանելու են։ Երեք օր է՝ միս չենք վերցրել»,- ասաց մսի շարքում աշխատող կանանցից մեկը։ Այս պահին տավարի մսի գները դեռ չեն բարձրացել՝ 2500-3000 դրամի սահմաններում են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սպանդանոցային մսի վաճառքի մասին օրենքը արդեն մեկ շաբաթ է՝ մտել է ուժի մեջ, սակայն Երևանի թե՛ սուպերմարկետներում, թե՛ շուկաներում շարունակում են վաճառել տնային պայմաններում մորթված տավարի և խոզի միս: Վաճառողներն ասում են, որ իրենց Սննդի անվտանգության տեսչությունից «մի թեթև» զգուշացրել են, սակայն իրենք շարունակելու են նույն ձևով աշխատել, քանի դեռ այս հարցում վերջնական հստակեցում չկա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հարևան Վրաստանում և Ռուսաստանում սկսել են խոսել և մտածել Վերին Լարսին այլընտրանք ևս մեկ ճանապարհի կառուցման հնարավորության մասին: Խոսքը Ավարո-Կախեթական ճանապարհի մասին է, որը վրացական Կախեթին միացնում է Դաղստանի հետ: Այս ճանապարհը Խորհրդային Միության տարիներին գործել է, սակայն այժմ կիսաքանդ վիճակում է և փակ է: Ավելի վաղ մենք գրել էինք Վրաստանը Չեչնիային միացնող ճանապարհի կառուցման հնարավորության մասին: Վրացական և ռուսական կողմերը հասկանում են, որ «Վերին Լարս» անցակետի թողունակությունը չի բավարարում ներկա պահանջներին, և մտածում են այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին: Ավարո-Կախեթական ճանապարհի կառուցման նախնական արժեքը 600-700 մլն դոլար է»: