24.11.2024
Ադրբեջանի հետ բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։


Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ Խաչատրյանի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց։


Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ դատարանը կայացրել է «ճիշտ որոշում»: Նրա խոսքով, որոշումը մի քիչ ուշացած է: «Մենք այնպես չէ, որ խոսում ենք միայն վատի մասին, մենք արձանագրում ենք նաեւ լավը, իրականում, դատարանը համարձակ եւ օրինական որոշում կայացրեց այդ մասով»,- ասաց պաշտպանը։


Մակինյանը շեշտեց, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային. «Կարող ենք արձանագրել, որ Կարեն Խաչատրյանը շուրջ 5 ամիս գտնվում է կալանքի տակ։ Առաջին օրվանից սկսած մենք բոլոր փաստարկները ներկայացրել էինք, եւ հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա»։


Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը և մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:


Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում: