ԱԺ-ում հունվարի 22-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկրությունում սպասվող կրճատումների մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Նա նշեց, որ կառավարությունը շատ բծախնդիր է լինելու «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի նկատմամբ, քանի որ «հանրային ծառայությունները մատուցող ընկերությունը էլեկտորատ պահելու տեղ չէ»:
«Անկախ ամեն բանից, եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավել աշխատակիցներ, ապա նրանք պետք է կրճատվեն: Դա վերաբերում է թե «Գազպրոմ Արմենիային», թե կառավարման համակարգին, թե մասնավոր ընկերություններին: Սա վերաբերում է մասնավորապես «Գազպրոմ Արմենիային»: Անթույլատրելի է այն արատավոր երթույթը, ինչպիսին է էլեկտորատ պահելը մի կառույցում, որը հանրային ծառայություններ է մատուցում: Սրա վերջը շատ վատ կլինի», - ասաց փոխվարչապետը:
Նրա խոսքով, կառավարության խնդիրն է, որպեսզի կրճատվողներն առանց աշխատանք չմնան, պայմաններ ստեղծվեն: «Բայց մարդատեղ ապահովելը բացառված է: Եվ փառք Աստծո, որ նման գործընթաց տեղի ունենում է և մենք խոսում ենք ծախսերի օպտիմալացման մասին: Մենք շատ բծախնդիր ենք եղել ու լինելու «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի նկատմամբ: Սա լրիվ օբեկտիվ վերաբերմունք է», - նկատեց փոխվարչապետը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով: «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հաստատել էին մեր տեղեկությունները՝ մեկ հերքումով, որ դա կապված չէ գազի գնի բարձրացման հետ:
«2019թ. ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից», – հայտնել էին «Գազպրոմից»: