24.11.2024
Կրճատումներ կլինեն, «Գազպրոմ Արմենիան» էլեկտորատ պահելու տեղ չէ. Մհեր Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել. Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:


«Իհարկե, շատ ցավալի դեպք է, եւ, եթե չեմ սխալվում, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է, եւ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները։ Եվ ես կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ եւ 100 տոկոսով բացահայտվի»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցի՝ հայտարարեց է Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը կրկին ընդգծեց՝ երաշխավորում է, որ Կառավարությունը իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այդ գործը, ինչպես բոլոր գործերը, մինչեւ ամենավերջին դետալը բացահայտվի։


«Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ էսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Գիտե՞ք՝ ինչ, վարչապետի ենթակայությամբ ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը եւ ԱԱԾ ողջ կազմը մասնակցել են հոգեհանգստին եւ հուղարկավորության արարողությանը։ Մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես նաեւ էլի Կառավարության եւ վարչապետի ներկայացուցիչ, ես, լրատվամիջոցի հարցին ի պատասխան, ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին։ Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը․ էլ չեմ ասում, թե ինչու այդ նույն մարդիկ չեն բարձրաձայնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել։ Այսինքն՝ ի՞նչ, նրանք վերաբերմունքի տարբերությո՞ւն ունեն։ Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են բավականին առնվազն վիճահարույց շրջաններում։ Կարծում եմ՝ ինչ-որ պիտի արվեր, արվել է, եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,- եզրափակեց Փաշինյանը։


Հիշեցնենք, որ հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը: