24.11.2024
Սուբվենցիոն ծրագրերը՝ տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է ՀՀ-ում սրտի վիրահատությունը կրկնակի թանկ Վրաստանի համեմատ․ հարց՝ Արսեն Թորոսյանին

ԱԺ-ում հունվարի 22-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչու Հայաստանում սրտի վիրահատությունը երկու անգամ թանկ, քան Վրաստանում:


Նախարարը նշեց, որ Հայաստանից մեկնած պացիենտները Վրաստանում վիրահատվում են, սակայն հետվիրահատական սպասարկում չեն ստանում, ինչը ևս ծախս է: Ըստ նրա՝ Վրաստանում սրտի վիրահատության համար երկու անգամ զիջող գների մասին խոսակցությունները շատ հաճախ գովազդային հնարք է, որին խաբվում են քաղաքացիները:


Հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ նշելով, որ սրտի ստենտավորման գները երկու անգամ ավելի թանկ, քան հարեւան երկրում: Նա օրինակ բերեց իր ծանոթի սրտի վիրահատությունը, որի համար Հայաստանում ուզել են 1 մլն 600 հազար դրամ, իսկ Թբիլիսիում՝ 800 հազար դրամ:


«Շատ պարզ հաշվարկ է. սկսած բուժքույրի, բժշկի, մնացած բոլոր ներգրավվածների աշխատավարձի հաշվարկից, վերջացրած ծախսանյութերի հաշվարկով, սարքավորումների ամորտիզացիայով եւ բուժհաստատության ողջամիտ շահույթով»,-ասաց Թորոսյանը: Նրա պնդմամբ՝ եթե հղում կատարենք պետական պատվերով մատուցվող ստենտավորման ծառայությունների գներին, նրանք նվազագույն թվի վրա են: Փոխհատուցումը ոչ դեղապատ ստենտավորման համար 700 հազար դրամ է 1 ստենտի դեպքում, 750 հազար դրամ՝ 2 ստենտի դեպքում: Նախարարի կարծիքով՝ սրանից ցածր գների դեպքում բուժհաստատությունները կկրեն ֆինանսական վնասներ:


«Վճարովի ծառայությունների դաշտում գործում են սովորական մրցակցային կանոնները: Բուն ստենտերի մասով՝ ՀՀ-ում մոտ 13 բուժհաստատություն է մատուցում այս ծառայությունը, եւ եթե այս 13 բուժհաստատությունները իրար հետ մրցելով չեն կարողանում ավելի ցածր գին ապահովել, ուրեմն դա նվազագույն հնարավոր մրցակցային գինն է»,-ասաց Թորոսյանը:


Նրա պնդմամբ՝ այն ինֆորմացիան, որ մեր հազարավոր քաղաքացիներ սրտի ստենտավորում են անցնում Վրաստանում, չի համապատասխանում իրականությանը: «Ընդամենը 100-200 քաղաքացի է տարեկան ստենտավորում անում Վրաստանում՝ Հայաստանում կատարվող 5000-ից ավել ստենտավորումների դեպքում»,-ասաց նախարարը:


Խոսելով գների տարբերությունների մասին, նախարարն ասաց, որ Հայաստանում այդ գնի մեջ ներառված է նաեւ հետստենտավորման խնամքը առնվազն 6 ամսով. Վրաստանում դա չկա: «Մեր խնդիրը գներն իջեցնելը չէ, այլ՝ ծածկույթը ավելացնելը, որ ինչքան հնարավոր է շատ քաղաքացիների մենք փոխհատուցենք»,-եզրափակեց Թորոսյանը: