Զոհրաբյանը ցանկանում է միավորել կին պատգամավորներին՝ առանցքային խնդիրներ լուծելու համար
Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը՝ նշելով, որ որպես խորհրդարանական՝ շատ տպավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հատկապես մարդու իրավունքների եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի գործունեությունից:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ արդյունավետ կլինի, եթե Հայաստանի Ազգային ժողովում եւս, ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարանում է, անկախ քաղաքական կողմնորոշումներից բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավոր կանայք ստեղծեն խումբ, որը կքննարկի կանանց, երեխաների եւ մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որն էլ դրական ազդակ կլինի հանրությանն այն մասին, որ կին պատգամավորները կարող են միավորվել՝ առանցքային խնդիրներ լուծելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ատելության խոսքի եւ կեղծ լուրերի հետ կապված խնդիրներ:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայացել է «Մեդիայի ազատության» թեմայով քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության օժանդակությամբ գործող՝ «Աջակցություն Ազգային ժողովին՝ խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում դեսպանատան աջակցությունը հանձնաժողովին՝ իրականացնելու համար իր վերահսկողական գործառույթները, մասնավորապես մարդու իրավունքների ռազմավարության ոլորտում:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողովի հետ սերտ եւ առարկայական համագործակցություն հաստատելու համար: Նա նշել է, որ կքննարկեն Նաիրա Զոհրաբյանի բարձրաձայնած ծրագրի շրջանակում նախաձեռնությանն աջակցելու հարցը: