«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քրեական գործ է հարուցվել «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ.
«Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (զենքի գործադրմամբ պատանդ վերցնելը, երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։
1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբերը: Բանակցությունների արդյունքում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն: