Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է հեղաշրջում անել. ԱԽ քարտուղար
Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել գործող իշխանություններին՝ օգտագործելով և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ են տրվել այդ գայթակղությանը, փորձել քայլեր ձեռնարկել, բայց հաջողություն չեն ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, բոլոր նման դեպքերը ավարտվել են պաշտոնանկություններով՝ այս պահին քննություն է ընթանում և անհրաժեշտության դեպքում կհարուցվեն քրեական գործեր:
Լրագրողի հարցին՝ ՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, որոնք վերջերս են պաշտոնանկ եղել, կապ ունեն իր հայտարարածի հետ, Գրիգորյանը հրաժարվեց խոսել կոնկրետ.
«Կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ: Նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այսպիսի նպատակներ կան՝կանխվել են, և դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից, ֆեյք ինֆորմացիայից մինչև տարբեր տեսակի մեր քաղաքական թիմին սեւացնելու միջոցով փորձել են տարբեր քայլեր ձեռնարկել, ասել, որ պետական համակարգն, օրինակ, չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով, որ հողեր ենք հանձնում, Հայաստան սպառազինություն չի մտնում, նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություններ են եղել, բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ Հայաստանն աննախադեպ քանակի զենք էր գնել։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը տարբեր ձև և տարբեր բնույթ են ունեցել, կանխել ենք և դրա վտանգն այս պահին չկա»։
Ճշտող հարցին՝ իսկ իր մատնանշած անձինք բարձր պաշտոններ զբաղեցրե՞լ են, Գրիգորյանը դարձյալ խուսափեց հստակ պատասխանելուց. «Հնարավոր է և այդպես է եղել»։