23.11.2024
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի. աշխատանքային կլինի շաբաթ օրը
prev Նախորդ նորություն

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի

Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվել է«Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։

Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ մասնավորապես նշելով, որ սույն օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման
համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։

Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացմանը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Oգտագործված պլաստիկ արտադրանքով, այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Սույն նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից  անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ: Ակնկալվում է, որ օրենքի
ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի  ձևավորմանը և վերականգնմանը: