26.12.2024
«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է
15.02.2017
«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, ինչպես և հայտարարվել էր,ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Համատեղ հայտարարությունը հրապարակել է Բագրատյանը: ««Ազատ դեմոկրատներ» եւ «Ազատություն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը եւ նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ բերելու։ Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով՝ ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, ինչպես նաեւ այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են եւ կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը։ «Ազատություն» կուսակցության առաջարկով մեր համատեղ համապետական ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։ «Ազատություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, որը նաեւ կգլխավորի խորհդարանական խմբակցությունը։ Առաջիկայում ՀՀ քաղաքացիների դատին կհանձնվի մեր միասնական ցուցակի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում է ցուցակը ձեւավորած յուրաքանչյուր անձի սեփականությունը եւ որի դրույթներին հավատարիմ են ցուցակի բոլոր անդամները։ Նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը հեղինակել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Մենք միասին կարող ենք իրական փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ազատություն» համատեղ ցուցակում տեղ կգտնեն նաև «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը: