25.11.2024
Արմեն Գրիգորյանն ու Լևոն Մնացականյանը քննարկել են զինված ուժերի համալրման հարցեր
prev Նախորդ նորություն

Քաղաքապետի ընտրություն, թե տապալո՞ւմ. ավագանիում չեն շտապում թեկնածուներ առաջադրել

Ինչպես հայտնի է, հուլիսի 16-ին Երևանի ավագանին կփորձի քաղաքապետ ընտրել: Կփորձի, քանզի կարելի է ենթադրել, որ Հանրապետական խմբակցությունը կփորձի ձգձգել այդ գործընթացը և գոնե այդպես վրեժխնդիր լինել Տարոն Մարգարյանի համար:


Հիշեցնենք, հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, թեև մինչ այդ էլ տևական ժամանակ իր պարտականությունները չէր կատարում ու անգամ աշխատանքի չէր ներկայանում: Քաղաքապետարանից դա բացատրում էին իր վատառողջ լինելով, բայց խնդիրը նոր իշխանության հետ, այսպես ասած, հակասությունն էր, որի շրջանակում Տարոն Մարգարյանի անունն այսօր առկա է մի շարք քրեական  գործերում: Եվ, ինչպես պնդում են VERELQ-ի աղբյուրները, Մարգարյանի հետ կապված բացահայտումները, որ առաջիկայում կլինեն, պակաս ուշագրավ չեն լինի, քան մինչ օրս բոլոր բացահայտումները:


Թեև քաղաքապետի ընտրությունն արդեն երկուշաբթի օրն է և այսօր թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրանում է, բայց հայտնի է, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու: Պատճառները չեն նշվում, բայց կարելի է ենթադրել, որ սկզբունքը մեկն է՝ տապալել այս ընտրությունը և այն դարձնել նյարդերի պայքար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ելք խմբակցությունն էլ այս պահի դրությամբ չի կողմնորոշվել, թե ո՞ւմ է առաջադրելու և առհասարակ՝ առաջադրելու է, թե ոչ, քանի որ իրենք առաջարկում էին, որ ընտրությունը կայանա օգոստոսի 8-ին, բոլորովին կանխատեսելի է, որ երկուշաբթի օրը Երևանը նոր քաղաքապետ չի ունենա:


Այս պահի դրությամբ միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է, որ հայտարարել է իր թեկնածուի մասին և այստեղ որևէ անակնկալ չկա՝ առաջադրվելու է կուսակցապետ Զարուհի Փոստանջյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում դարձյալ պայքարում էր քաղաքապետի պաշտոնի համար: 


Այն մասին, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, խոսում էին նաև այլ ուժերի ներկայացուցիչներ: Այդպես, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տպավորություն ունի, որ ՀՀԿ-ն մտադիր չէ  Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել: Այդ կարծիքը կիսում է նաև ավագանու Ելք խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, ինչը բոլորովին նորմալ է համարում. «Եթե ընտրությունները լինեին մեկ կամ երկու տարի հետո, ես կփորձեի հասկանալ ՀՀԿ-ի առաջադրվելը, սակայն հեղափոխությունից հետո նոր Հայաստանում որևէ կերպ չեմ պատկերացնում նրանց առաջադրվելն ու քվեներ ստանալը: Ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի»,- ասել է նա:


Ի դեպ, Թեհմինա Վարդանյանի անունը շրջանառվում էր, որպես Ելք-ի հավանական թեկնածու, սակայն գործիչը նշեց, որ դա հնարավոր չէ այսօր, քանի որ իր 30-ամյակը լրանալու է միայն սեպտեմբերին: Նույնը նաև խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մասով՝ նա ևս դեռ 30-ամյակը չի տոնել:


Կարելի է ամենայն հավանականությամբ պնդել, որ երկուշաբթի օրը Երևանի նոր քաղաքապետի անուն չի հրապարակվի: