ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
Խորհրդարանի լրատվական բաժնից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում: Ելույթը ներկայացնում ենք ստորև.
«Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռեւս 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:
Շնորհակալ եմ Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու համար: Դարերի ընթացքում հայերը մշտապես աջակցել են լեհական պետության ամրապնդմանը: Դեռեւս Կազիմիր Մեծ թագավորի ժամանակներից հայերն հատուկ արտոնությունների ու վերաբերմունքի են արժանացել:
Հարգելի գործընկերներ,
այս տարի Լեհաստանի Սենատն ու Սեյմը վավերացրին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումն ու վավերացումը նոր էջ է բացում Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության պատմության մեջ: Հուսով եմ՝ դա ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման նոր էջ է: Ակնկալում ենք, որ ԵՄ անդամ մյուս երկրները եւս ողջամիտ ժամկետում կվավերացնեն համաձայնագիրը:
Հարգելի գործընկերներ,
ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի է բազմաթիվ մարտահրավերներով, դրանք են՝ փակ սահմանները, ռազմական հռետորաբանությունը եւ չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Ցավալիորեն, սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է: Խոսելով փակ սահմանների մասին՝ պետք է նշեմ, որ Թուրքիան, չնայած նախկինում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի՝ նախապայմաններ դնելու եւ Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է: Մենք կողմնակից ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:
Հարգելի գործընկերներ,
մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, եւ Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը:
Հարգելի գործընկերներ,
ես այստեղ եմ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության կոչով: Խոսքս ուզում եմ ավարտել Հովհաննես 2-րդ պապի հետեւյալ կոչով. «Մի վախեցեք խաղաղության հնարավորությունից, ուսուցանել խաղաղություն, ապրել խաղաղությամբ... խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը: Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները»: