Ո՞ր պաշտոնյաների զավակներն են ազատվել զինծառայությունից. ՊՆ ուսումնասիրություն է սկսել
Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է նախկինում ինչ-ինչ պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Որքանով նա տեղյակ է եւ այդ մասին ասաց լրագրողներին, ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները: «Խոսքը բոլոր տարկետումների մասին է՝ անկախ նրանից`պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ», - ասաց Գեղամ Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ դժվարանալով խոսել արդյունքների մասին:
Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար։
Ասուլիսի ժամանակ Գեղամ Հարությունյանը խոսեց նաեւ ընթացող զորակոչին ու դրա ընթացքում արձանագրված խնդիրներին։ «Նախարարությունն ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից ու նրանց ծնողներից 80 դիմում-բողոք է ստացել, որից 70-ը` առողջական խնդիրների ու բժշկական եզրակացությունների վերաբերյալ», - ասաց նա:
Այս ոլորտում, նրա խոսքով, հիմնական խնդիրն առողջության պահպանման առաջնային օղակներում է, որտեղ հետազոտությունների պատշաճ մակարդակի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում արդեն հետագա հետազոտությունների ընթացքում։ «Լինում են դեպքեր, երբ զորակոչիկը միայն հավաքակայանում է տեղեկանում, որ առողջական այս կամ այն խնդիրն ունի»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի էր դարձել պաշտոնյաների՝ զինծառայություն չանցած որդիների ցանկը: